ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ ռազմավարական երկխոսության բանակցությունները նախատեսված են ապրիլին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անհամբեր սպասում ենք Իրաքի իշխանությունների հետ ռազմավարական երկխոսության վերսկսմանն ապրիլի ընթացքում»,- նշվում է Փսակիի տարածված գրավոր հայտարարության մեջ:
«Սա կարեւոր հնարավորություն կլինի՝ մեր ընդհանուր հետաքրքրություններն ամենատարբեր ոլորտներում քննարկելու համար՝ անվտանգությունից մինչեւ մշակույթ, առեւտուր եւ կլիմա: Հանդիպումների արդյունքում ավելի պարզ կդառնա, որ կոալիցիոն ուժերն Իրաքում են գտնվում բացառապես իրաքյան ուժերի ուսուցնման եւ խորհրդակցությունների նպատակով՝ երաշխավորելու համար, որ ԻՊ-ն չի կարողանա վերականգնվել»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ են Իրաքի ինքնիշխանությանը»: «Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության ապագայի վերաբերյալ այս կարեւոր քննարկումներին Իրաքի ղեկավարների հետ»,- եզրափակել է Փսակին:





























