Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են նորմալ հարաբերություններ ունենալ, հենց՝ նորմալ, այլ ոչ թե բարիդրացիական, քանի որ դրա համար լուրջ ճանապարհ է պետք անցնել: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա պարզաբանեց, որ նորմալ հարաբերությունները դիվանագիտական ​​հարաբերությունների եւ բաց սահմանների առկայությունն է:

Խնդիրը, նրա խոսքով, Թուրքիայի վարած քաղաքականությունն է՝ հաշվի առնելով, որ 1991-ին Հայաստանի անկախության ճանաչումից հետո Անկարան հայտարարեց, որ հրաժարվում է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Երեւանի հետ:

«Մոռանալ անցյալը եւ սկսել մաքուր էջից. նման արտահայտությունները լավ են հնչում, սակայն նրանք, ովքեր ասում են դա, պետք է վերլուծեն Թուրքիայի քաղաքականությունը: Այդ երկրում ոչ մի լուրջ քաղաքական ուժ պատրաստ չէ նման մոտեցման: Անկարան ցանկանում է միայն, որպեսզի մենք հրաժարվենք մեր պահանջներից, մեր ինքնության մի մասից, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման պահանջից (որպես հայկական ինքնության բաղկացուցիչ մաս): Չեմ կարծում, որ հայերը, Հայաստանը, Արցախը պատրաստ են գնալ Թուրքիայի առաջարկած ճանապարհով»,- հավելեց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Հայաստանի կողմից երբեք պետական ​​մակարդակով թշնամական մոտեցում չի եղել Թուրքիայի նկատմամբ:
«Չեմ կարծում, որ թուրքերը մեր թշնամիներն են: Խնդիրն արդարության վերականգնման, հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից կատարված ծանր հանցագործության դատապարտման մեջ է »,- շեշտեց նա:

Փորձագետի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս ավելի հստակ դիրքորոշմամբ է հանդես գալիս տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի վարած քաղաքականության:

«Կարեւոր է հասկանալ եւ հաշվի առնել, որ աշխարհում ազգային արժեքների հիման վրա արտաքին քաղաքականություն վարելու միտում է զարգանում»,- եզրափակեց Սաֆրաստյանը: