Հայ տղամարդկանց շրջանում վերջին տարիներին առավել տարածված են դարձել շագանակագեղձի եւ միզապարկի չարորակ ուռուցքները, ընդ որում, քաղցկեղի այս տեսակների՝ ոչ մեծ մասշտաբի, այնուամենայնիվ, երիտասարդացման միտումներ են նկատվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Պետրոսյանը։ 

Նրա խոսքով, բացի հիվանդությունների երիտասարդացումից, նաեւ դրանց թվի աճ է նկատվում։ «Ընդ որում, ամենավատանգավոր խմբում շարունակում են մնալ արական սեռի 45-60 տարեկան ներկայացուցիչները, մանավանդ նրանք, ովքեր չարաշահում են ակլոհոլն ու ծխախոտը։ Առանձին գործոն է ժառանգականությունը։ Այդ է պատճառը, որ ռիսկային խմբի տղամարդիկ հետագա բարդություններից խուսափելու համար  տարեկան գոնե մեկ անգամ պետք է բժիշկ-ուռոլոգի մոտ լուրջ հետազոտություն անցնեն»,- ասաց մասնագետը՝ հիշելով, որ շագանակագեղձի չարորակ ուռուցքով իր ամենաերիտասարդ պացիենտը մի 30-ամյա երիտասարդ է եղել։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Պետրոսյանը հատկանշական համարեց, որ էկոլոգիական վատ վիճակով պայմանավորված՝ հանրապետության մարզերից իրենց բուժհաստատություն դիմողների թիվն ավելի մեծ է, քան մայրաքաղաքից դիմածներինը։

Հարցին, թե պետպատվերի շրջանակներում որքա՞ն գումար է պետությունը տրամադրում քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր քաղաքացու բուժման համար, բժիշկը պատասխանեց, որ միջինը՝ 180 հազար դրամ։ Դիտարկմանը, թե բավարա՞ր է դա լրջագույն հիվանդության բուժումն ըստ արժանվույն իրականացնելու համար, Պետրոսյանն ասաց. «Բավարար է, թե ոչ, համենայն դեպս, հաշվարկներն այդ չափով են արված»:

Նշենք, որ չնայած քացկեղի այլ տեսակների բուժման տեխնոլոգիական զարգացմանը` շագանակագեղձի քաղցկեղի տարածվածության եւ մահացության դեպքերը վերջին տարիներ չեն նվազում, հակառակը, աճ են ապրում, քանզի շագանակագեղձի քաղցկեղի բջիջները կայուն են ինչպես դեղամիջոցների, այնպես էլ` ճառագայթային թերապիայի նկատմամբ: