Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում շարունակվում է նախաքննությունը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում կատարված չարաշահումների գործով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության վարույթում գտնվող գործով` 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-ի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ընթանում են քննչական գործողություններ:

Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների` առաջիկայում հնարավոր է ձերբակալվեն ծառայության մի շարք աշխատակիցներ, որոնցից շատերի բնակարաններում այս օրերին խուզարկություններ են կատարվում, փաստաթղթեր առգրավվում:

Հիշեցնենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թ.թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար, որը յուրացվել է: