Հայաստանում 2010թ-ի վերջերից նկատվում է կենսամակարդակի անկում. Այն հատկապես սուր է նկատվում տարեցների եւ երիտասարդների շրջանում: Այս տվյալները հրապարակել է «Արաքս» հասարակական կազմակերպությունը, որը գործում է Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ եւ Մարալիկ քաղաքներում:

Ըստ ՀԿ-ի փոխնախագահ Նինա Խաչատրյանի, կենսամակարդակի անկումը բարձր է տարեցների շրջանում եւ կազմում է 70 տոկոս: «Խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ այդ ցուցանիշը հանրապետության միջին ցուցանիշից ցածր է: Եվ այդ 70 տոկոսն էլ չափազանցված չէ: Բացի այդ, մենք ծերացած հասարակություն ենք համարվում, քանի որ 50-70 տարիքային խմբում ընդգրկված մարդիկ գերակշռում են, քանի որ երիտասարդությունը մարզից արտագաղթել է»,-NEWS am-ի թղթակցին ասել է Նինա Խաչատրյանը:

Նրա կարծիքով, այս թվերը լուրջ մտածելու տեղիք են տալիս: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում, որ տարեց մարդը 18-20 հազար դրամ թոշակ է ստանում ու օգնող չունի, եկամտի ուրիշ աղբյուր չունի»,-ասել է Նինա Խաչատրյանը, հավելելով, որ «ելքը պետք է փնտրել ոչ թե հասարակական կազմակերպությունների աշխատանքում, այլ կառավարական ծրագրերում»: