Հինգշաբթի պղնձի արժեքը նվազում է վերականգնված տնտեսական մտավախությունների ֆոնին՝ կապված COVID-19-ով հիվանդացության աճի հետ, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,74 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց հասնելով մինչեւ 3,998 դոլարի, փոխանցում է «Փրայմը»:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով նվազել էր 0,03 տոկոսով՝ մինչեւ 8977,5 դոլար, ալյումինի գինն աճել էր 1,73 տոկոսով՝ մինչեւ 2258 դոլար, ցինկի արժեքը նվազել էր 1,34 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2800,5 դոլար:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նախկինի պես ազդում է ներդրողների տրամադրությունների վրա: Հիվանդացության վերսկսված աճը եւ մի շարք երկրներում նոր սահմանափակումները մտավախության ալիք են առաջացրել աշխարհում տնտեսական ակտիվության վերականգնման համար:
Սա անդրադառնում է նաեւ արդյունաբերական մետաղների շուկայի վրա՝ ճնշում գործադրելով պղնձի արժեքի վրա:





























