Լոբբիստական գործունեության բրիտանական հսկողական մարմինը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնի (2010-2016) կողմից համապատասխան օրենսդրության հնարավոր խախտման գործով, որը ժամանակին հաստատվել էր նրա կաբինետի կողմից, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Նշվում է, որ խոսքը նախկին վարչապետի՝ Ուայթհոլում (լոնդոնյան փողոցում, որտեղ գտնվում են երկրի գլխավոր կառավարական գրասենյակները) նախկին գործընկերների լոբբինգի մասին է՝ Greensill Capital- ի կողմից պետական վարկեր ստանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են խոշոր ֆիրմաների կորոնավիրուսային համավարակի համատեքստում: Համապատասխան որոշումներն ընդունվել են նշված ընկերության սնանկացումից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2021 թվականի մարտին:
Բրիտանական օրենսդրության համաձայն՝ պետական գերատեսչություններում շահույթ ստանալու նպատակով երրորդ կողմի շահերի առաջխաղացման համար նախ պետք է գրանցվել լոբբիստների պետական կառավարական ռեգիստրում: Համապատասխան պահանջը չկատարելու համար հանցագործին 7.5 հազար ֆունտ տուգանք (ավելի քան 10 հազար դոլար) կամ լուրջ խախտումների դեպքում քրեական հետապնդում է սպառնում:
Ենթադրվում է, որ Քեմերոնն անմիջական կապ է հաստատել ֆիննախի հետ, այդ թվում նաեւ մի քանի տեքստային հաղորդագրություն է ուղարկել ֆինանսների նախարար Ռիշի Սունակուին, ինչպես նաեւ՝ Դաունինգ Սթրիթ 10 եւ Անգլիայի բանկ: Այդ փորձերն անհաջող էին, սակայն հարցեր են առաջացրել պետական ֆինանսավորման արդարացի հասանելիության վերաբերյալ:
Լոբբիստ-խորհրդատուների ռեգիստրի գրասենյակը ներկայումս «հետաքննում է` արդյո՞ք նախկին վարչապետը մասնակցել է չգրանցված լոբբիստական գործունեությանը»:
Թերթի տվյալներով՝ մարտի 22-ին իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորների ազդեցիկ խումբն արգելափակել է Քեմերոնի՝ Greensill Capital-ի հետ կապված գործունեության խորհրդարանական հետաքննությունը, որտեղ նա 2018 թվականից որպես խորհրդական էր աշխատում:





























