Ստուգումների արդյունքների հետ կապված որեւէ մտահոգություն չունենք, քանի որ Գորիսի համայնքապետարանը իր ամենօրյա աշխատանքով եղած հնարավորությունները տասնապատկում է եւ համայնքում առկա խնդիրներն աստիճանաբար լուծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն՝ անդրադառնալով Սյունիքի որոշ համայնքապետարաններում Պետական վերահսկողական ծառայության նախօրեին սկսած ստուգումներին։
«Բոլորին էլ տեսանելի է, թե եղած սուղ միջոցների համեմատ, համայնքն ինչպես է առաջընթաց տեմպերով զարգանում։ Ցավոք, պատերազմի պատճառով այդ տեմպերը նվազել են, բայց նույնիսկ այս դժվար ժամանակահատվածում մի շարք խնդիրներ են լուծվում։ Իհարկե այս բոլոր դրական միտումները եւս ՊՎԾ ներկայացուցիչները տեսնելու են ստուգումների ընթացքում, ինչ աշխատանք է տարվում, համայնքն ինչպիսի հնարավորություններ է ստեղծում, կարձանագրեն, թե՝ չէ, ժամանակը ցույց կտա»,– ասաց Իրինա Յոլյանը՝ հստակեցնելով, որ ՊՎԾ–ի ստուգումները վերաբերում են 2016 թվականից մինչեւ այսօր իրականացված աշխատանքներին։
Փոխքաղաքապետը չի շտապում հայտարարել, որ ՊՎԾ–ի ստուգումները քաղաքական նպատակ են հետապնդում, հաշվի առնելով այն, որ սյունեցի համայնքապետերը վարչապետի հրաժարականն են պահանջում եւ օրեր առաջ էլ հայտարարել են «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին։
«Առայժմ զերծ կմնամ ենթադրություններից, ավելի ուշ փաստերը ցույց կտան։ Իրականում յուրաքանչյուր ստուգում դրական արդյունքն ու խնդիրները արձանագրելու միջոց է, որը հնարավորություն է տալիս բարելավել աշխատանքի որակը, այս, թե՝ այլ միտում ունեն իրականացվող ստուգումները, ժամանակը ցույցը կտա»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՊՎԾ–ն ստուգումներ է սկսել Գորիսում, Կապանում, Սիսիանում, Մեղրիում։
Մենք մեր խղճի հետ համերաշխ ենք, ամեն ինչ արել ենք մաքուր. Մեղրիի քաղաքապետը՝ ՊՎԾ ստուգումների մասին





























