Թայվանը եւ Միացյալ Նահանգներն առաջին համաձայնագիրն են ստորագրել  Ջո Բայդենի վարչակազմի օրոք առափնյա պահպանության աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ քաղաքականության համակարգման համար Չինաստանի կողմից օրենքի ընդունումից հետո, որը թույլ է տալիս երկրի առափնյա պահպանությանը կրակ բացել օտարերկրյա նավերի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ում Թայվանի դեսպան Սյաո Բի-հիմը դե-ֆակտո համաձայնագիր է ստորագրել Վաշինգտոնում, ասվում է դրա գրասենյակի հայտարարության մեջ: «Հուսով ենք, որ առափնյա պահպանության նոր աշխատանքային խմբի ստեղծմամբ երկու կողմերն էլ կամրապնդեն իրենց գործընկերային հարաբերությունները եւ համատեղ էլ ավելի կնպաստեն ազատ եւ բաց հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ստեղծմանը»:

Ստորագրման արարողությանը ներկա էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնականի պաշտոնակատար Սունգ Կիմը:

Թայվանում Ամերիկյան ինստիտուտը, որը զբաղվում է կղզու հետ ԱՄՆ-ի հարաբերություններով, հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է «Թայվանի կառուցողական ներգրավվածությանը եւ դրա ներդրմանը համաշխարհային խնդիրների լուծման մեջ, այդ թվում՝ ծովային անվտանգության եւ պահպանության ապահովման ոլորտում»:

Թայվանն արդիականացնում է իր առափնյա պահպանությունը նոր նավերով, որոնք պատերազմի դեպքում կարող են ներգրավվել  ռազմածովային ծառայության մեջ:

Չնայած Միացյալ Նահանգները, ինչպես եւ շատ երկրներ, պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն Թայվանի հետ, դրանք կղզու ամենակարեւոր միջազգային հովանավորն ու զենքի մատակարարն են:

Հունվարին Չինաստանն օրենք էր ընդունել, որն առաջին անգամ թույլ է տալիս երկրի առափնյա պահպանությանը կրակ բացել արտասահմանյան նավերի ուղղությամբ: