Լրտեսները թանկ չարժեն, գրում է Business Insider-ը: Պարզվել է, որ Իտալիայում ՆԱՏՕ-ի Ստորջրյա հետազոտությունների կենտրոնի գիտական կոմիտեի անդամը կրկնակի գործակալ է: Էստոնացի հայտնի ծովային գիտնական Տարմո Կիուտսը, որը նշված կոմիտեի փոխնախագահն է եղել, չինացիներին արժեցել է երկու տարում ընդամենը 17 հազար եվրո:
Կինոյում կրկնակի ագենտները փողով լի պայուսակներ են ստանում: Բայց իրական կյանքում նրանք զարմանալիորեն էժան են: Նույնիսկ ամենավտանգավոր լրտեսները եւ անվտանգության գաղտնիքները Ռուսաստանին կամ Չինաստանին կարող են արժենալ շքեղ ավտոմեքենայի գնից քիչ:
Insider-ը զրուցել է հետախուզության եւ հակահետախուզության ոլորտում աղբյուրների հետ՝ գնահատելու համար թշնամու կողմն անցածների ու դավաճանների ընթացիկ գինը:
Թշնամի տերության կողմից գնված լրտեսի որոնելիս պաշտոնյաները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք նա անսպասելի չի հարստացել, քան պետք է որ լիներ: «Դուք պետք է որոշեք, թե սուբյեկտը որքան փող պետք է ունենա եւ ինչպիսին պետք է լինի ողջամիտ կենսաձեւը՝ հաշվի առնելով նրա եկամուտները»,- Insider-ին ասել է բալթյան հետախուզության աշխատակիցը, որը տեղեկացված էր Կիուտսի գործի մասին:
«Այնուհետեւ, քանի դեռ նրանք հսկողության տակ են, դուք կարող եք որոշել՝ արդյո՞ք այնպիսի կենսակերպ են վարում, որը լրացուցիչ եկամուտ է ենթադրում»:
Իհարկե, նրանք, ովքեր լրտեսներին հավաքագրում են, հրաշալի գիտեն, թե նրանց ինչպես են որսում, քանի որ նրանք հաճախ աշխատում են իրենց սեփական ներքին հակահետախուզության ծառայությունների հետ միասին:
«Չինաստանը զգուշավոր է, այս դեպքում նրան տվել են միայն մոտ 17 հազար եվրո, ինչը բավականին շատ է ընդամենը 2 տարվա աշխատանքի դիմաց, բայց բավական չէ որեւիցե կասկած հարուցելու համար,- ասել է նա: - Նրան (Կիուտսին) որպես փոխհատուցում տրամադրվել են շքեղ ուղեւորություններ, թռիչքներ եւ հյուրանոցի բարձր դաս»:
Սեփական երկրին դավաճանությունը ուղեկցվում է ահռելի իրավաբանական եւ անգամ ֆիզիկական ռիսկով: Լուրջ դավաճանները կարող են իրենց կյանքի մնացած մասն անցկացնել բանտում: Կամ նրանց նախկին համակարգողները կարող են հետապնդել սպանելու համար: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ ռիսկի դիմող լրտեսները դա անում են զարմանալիորեն քիչ փողի դիմաց:
Հայտնի է միայն 5 դեպք, երբ ամերիկացիներին վճարել են մոտ 1 մլն դոլար: ԿՀՎ-ից Օլդրիջ Էյմսը եւ ՀԴԲ-ից Ռոբերտ Հանսենը համարվում են ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր եւ արդյունավետ կրկնակի գործակալները: Երկուսն էլ հետախուզության մեջ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել: Էյմսը ԿՀՎ վերլուծաբան էր, որն աշխատում էր ԽՍՀՄ գծով, իսկ Հանսենը ՀԴԲ հակահետախուզության բարձրաստիճան աշխատակից էր: Նրանց աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է ԿՀՎ ավելի քան 12 լրտես, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահապատիժների եւ Խորհրդային Միությանը թույլ տվել ակնդետ ուշադրությամբ ուսումնասիրել ամերիկյան հետախուզության գլխավոր գաղտնիքները: Էյմսին 20 տարում վճարել էին մոտ 1,4 մլն դոլար, իսկ Հանսենին՝ փոքր-ինչ քիչ՝ 800 հազարից մինչեւ 1 մլն դոլար: Ստացվում է մեկ լրտեսին տարեկան 40 հազարից մինչեւ 70 հազար դոլար:
Այդքան թանկ արժենալու համար թիրախը պետք է լինի գլխավոր առաջնահերթությունը՝ թեկուզ փողն առաքելու հետ կապված ռիսկերի պատճառով եւ մտավախությունների, որ գործակալը կարող է այն ոչ խելամիտ ծախսել:
«Հետախուզական գործողությունների ամենաբարդ, աշխատատար եւ ռիսկային մասը ձեր գործակալների հետ անվտանգ շփումն է,- ասել է եվրոպական հետախուզության պաշտոնաթող սպան: - Է՛լ ավելի ռիսկային է նրան կանխիկով մեծ փաթեթ փոխանցելը, բայց դա են ուզում նրանցից գրեթե բոլորը: Այսպիսով, դուք նրանց պետք է պարգեւատրեք բավարար քանակությամբ փողով, որ նրանք իրենց կարեւոր զգան եւ կարողանան այն ծախսել իրենց կյանքի ընթացքում: Բայց երբեք այնքան, որ դա կասկածելի լինի, եւ այնքան, որ սկսեն մտածել, թե հիմա կարող են լրտեսելը դադարեցնել»:
Գործակալները նախընտրում են կանխիկ փողով, այլ ոչ թե եսասիրությամբ կամ քաղաքականությամբ մոտիվացված ակտիվները:
Հետախուզության մի քանի գործող եւ նախկին աշխատակիրցներ կրկնել են միեւնույն միտքը՝ գործակալներին, որոնք լրտեսում են միայն ագահությունից դրդված, ավելի հեշտ է կառավարել: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դժվար է գործ ունենալ այն գործակալների հետ, որոնք լրտեսում են գաղափարախոսությունից կամ եսից ելնելով:
«Դեպքերի մեծ մասում խնդիրը փողը չէ, այլ գործակալին կառավարելու հետ կապված չարչարանքը,- ասել է ԿՀՎ ամերիկացի պաշտոնաթող սպան: - Եթե նրանք իրենց բնույթով եսասեր են կամ դա անում են գաղափարախոսական նկատառումներով, դժվար կլինի նրանց համոզել, որ նրանք հանճարեղ են, կամ դրա նման ինչ-որ բան»:
Հատուկ ծառայությունների մեծամասնությունն իրականացնում է պոտենցիալ նորակոչիկների մանրամասն հոգեբանական պրոֆիլներ՝ պարզելու այդ մարդու դասալքության դրդապատճառը: «Նրանք շատ փող են ուզում, լավ, ես ունեմ փող, բայց ինչպե՞ս փոխանցեմ: Նույն կե՞րպ, ինչպես նրանցից հետախուզական տվյալներ եմ ստանում: Գրողը տանի, բայց դա անվտանգ չէ: Այնպես որ, մենք պետք է մշակենք նրանց փողը փոխանցելու շատ բարդ մեթոդ, որը նրանք անմիջապես կտանեն մերկապարի ակումբ կամ մեքենա կգնեն, եւ մեզ երկուսիս էլ կկալանավորեն»:
Բայց բոլոր աղբյուրները համաձայն են, որ կա մի ոլորտ, որի մեջ արժե փող ներդնել եւ չարչարվել: «Հետախուզական տվյալների տրամադրում, որոնք կհանգեցնեն առանձնապես արժեքավոր թիրախի կալանքին կամ մահվանը»,- ասել է ամերիկացին:
«Ակտիվը, որը հանձնեց [2003 թվականին 9-11 ահաբեկչությունների կազմակերպիչ Հալեդ Շեյխ Մոհամմեդին], ստացավ 25 մլն դոլարի աշխատավարձ, եւ բոլորն ուրախ էին նրան վճարել այդ փողը»,- ասել է մի պաշտոնյա՝ կրկնելով այդ գործի լավ հայտնի, բայց չստուգված մանրամասնը:





























