Ընտրական համակարգը փոխելու, մասնավորապես ռեյտինգային ընտրակագը չեղարկելու իշխանությունների պարտավորությունը ոչ մեկի համար անսպասելի չէր: Այս մասին բազմիրցս խոսվել է: Մարտի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա շեշտեց, որ ընտրական համակարգը փոխելու որոշումը չի ընդունվում արդեն սկսված գործընթացի կեսին: Կոնջորյանը հավաստեց, որ անընդհատ հիշատակվում էր այս հարցի նկատմամբ իշխանությունների քաղաքական հանձնառությունը: «Անընդհատ ասվում էր, որ պատրաստվում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որ պատրաստվում են ռեյտինգային ընտրակարգը չեղյալ հայտարարել»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ սրա շնորհիվ խաղի կանոնները ոչ միայն չեն բարդանա, այլեւ կպարզեցվեն: «Պարզեցվելու է մեր քաղաքացիների քվեարկության եւ ընտրության գործընթացը, նախընտրական քարոզչության տրամաբանությունը, պարզեցվելու է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընթացը»,- վստահեցնում է խորհրդարանականը:





























