Անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր վերջին մարտի ժամանակ տակտիկական սխալ է գործել: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ինքը` բռնցքամարտիկը: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը իրավունք չունի պատճառներ փնտրել, կա’մ հաղթում ես, կա’մ պարտվում»,- ասաց Արթուր Աբրահամը` անդրադառնալով հարցին, թե ո՞վ է մեղավոր իր սխալ տակտիկայի համար: Նա նշեց, որ սկզբից շատ լավ է սկսել, բայց ընթացքում տակտիկական սխալ է գործել` փորձելով պաշտպանվելով մրցակցին նոկաուդի ենթարկել: «Չստացվեց, նա միավորներով հաղթեց, ես էլ դա չէի ուզում, բայց ստացվեց»,- ասաց Արթուր Աբրահամը:

Այժմ նա Երեւանում է եւ պատրաստվում է հանգստանալ 3-4 շաբաթ, վերականգնել ուժերը, ապա մեկնել Գերմանիա, մասնակցել 2-3 որակավորման մենամարտերի, որից հետո կկարողանա նորից մասնակցել աշխարհի առաջնությանը: «Դա երեւի կլինի մյուս տարվա վերջին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կարսոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում մենամարտել են սուպերմիջին քաշային կարգի WBA վարկածի աշխարհի չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը եւ միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Ուորդը` 120:108, 118:110, 118:111: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ուորդը շարունակում է մնալ անպարտելի պրոֆեսիոնալ ռինգում: Ի դեպ, այսօր Արթուր Աբրահամը կանխատեսեց, որ Super Six մրցաշարի հաղթող կճանաչվի Անդրե Ուորդը: