Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 17-ին ընդունել է Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիան առանձնահատուկ դերակատարություն ունի եւ մենք ցանկանում ենք մշտապես ամրապնդել եւ խորացնել մեր հարաբերությունները: Սա պայմանավորված է թե՛ պատմական դարավոր կապերով, թե՛ մեր երկու ժողովուրդների միջեւ առկա համակրանքով, թե՛ Ֆրանսիայի՝ միջազգային ծանրակշիռ դերակատար լինելու հանգամանքով, եւ, իհարկե, Ֆրանսիայում առկա ստվար հայկական համայնքով»:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ ձեւավորված բազմաոլորտ հարաբերությունների մասին՝ վկայակոչելով հայ-ֆրանսիական հարաբերություններում ձեւավորված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, սերտ մշակութային, կրթական առնչությունները, ֆրանսիական ընկերությունների շոշափելի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, հաջող զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների առաջնահերթ խնդիրներից է առեւտրատնտեսական կապերի զարգացումը, առեւտրաշրջանառության աճը, ինչպես նաեւ երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:




























