Սուրճի, շոկոլադի, տավարի մսի, արմավենու յուղի եւ այլ ապրանքների միջին արեւմտյան սպառողը պատասխանատվություն է կրում տարեկան չորս ծառ կտրելու համար, որոնցից շատերը գտնվում են արեւադարձային անտառներում, գրում է The Guardian-ը՝ հղում անելով հետազոտությանը:

Անտառների ոչնչացումը կլիմայական ճգնաժամի եւ վայրի բնության պոպուլյացիաների կրճատման հիմնական պատճառն է, քանի որ գյուղատնտեսության համար ոչնչացվում են բնական էկոհամակարգերը: Հետազոտությունը ուղիղ կապ է բացահայտել սպառողների եւ ամբողջ մոլորակի անտառահատումների միջեւ: Գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում շոկոլադի օգտագործումը Կոտ դ՛Իվուարում եւ Գանայում անտառահատումների կարեւոր գործոն է, իսկ ԱՄՆ-ում, Եվրամիությունում եւ Չինաստանում տավարի մսի եւ սոյայի պահանջարկը Բրազիլիայում անտառահատումների պատճառ է դառնում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Իտալիայում սուրճի սիրահարները կենտրոնական Վիետնամում անտառահատումների կարեւոր պատճառ են հանդիսանում, մինչդեռ Չինաստանում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում փայտի պահանջարկը հյուսիսային Վիետնամում է ծառերի կորուստ առաջացնում:

Որպես հարուստ եւ խիտ բնակեցված երկիր՝ ԱՄՆ-ը հատկապես ազդում է անտառահատումների վրա՝ լինելով արեւադարձային ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ Գվատեմալայից մրգերի եւ ընկույզների, Լիբերիայից կաուչուկի եւ Կամբոջայից փայտանյութի հիմնական ներկրող: Չինաստանը ամենամեծ պատասխանատվությունն ունի Մալայզիայում անտառահատումների համար `արմավենու յուղի եւ այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման միջոցով:

Հետազոտության համաձայն, G7-ի պետություններում սպառումը հանգեցնում է մեկ անձի համար տարեկան չորս ծառի կորստի:

Կիոտոյի մարդկության եւ բնության հետազոտությունների ինստիտուտի դոկտոր Նգուեն Հոանգը կարծում է, որ մանրամասն քարտեզները կարող են օգնել անտառահատումները դադարեցնելու նպատակային գործողություններին:

«Քաղաքական գործիչները եւ ընկերությունները կարող են հասկանալ, թե մատակարարման որ շղթաներն են անտառահատումներ առաջացնում: Եթե նրանք դա գիտեն, նրանք կարող են կենտրոնանալ մատակարարման այս շղթաների վրա, որպեսզի գտնեն հատուկ խնդիրներ եւ լուծումներ»: