Առանց հանկարծահաս ստուգումների եւ վաղորդյան այցելությունների շատ դժվար է բացահայտել հակամրցակցային համաձայնությունները:
Այսօր` հունիսի 17-ին Երեւանում ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում ընթացող քննարկման ժամանակ ասաց Լիտվայի Մրցակցության խորհրդի անդամ Ժորաթ Սոֆիենը:
Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով առաջարկվում էր ՏՄՊՊՀ-ին ստուգման լիազորություններ տրամադրել, սակայն պատգամավորների ջանքերով այդ լիազորությունը տեղ չգտավ փոփոխությունների վերջնական տարբերակում:
Ըստ Ժ. Սոֆիենի` ՏՄՊՊՀ-ն հիմնականում տուգանքներ է կիրառում գերիշխող դիրքի չարաշահման դեպքում, սակայն մրցակցության հիմնական վտանգը գալիս է կարտելային համաձայնություններից: Եթե գերիշխող դիրքի չարաշահումը կարելի է ապացուցել փաստաթղթային ստուգումներով, ապա կարտելային համաձայնությունների դեպքում դա բավարար չէ:
Ժ. Սոֆիենն ասաց, որ երկիրը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ գործարարները լրջորեն մտածեն, թե ո՞րն է ավելի լավ` չարաշահե՞լ գերիշխող դիրքը, թե՞ գործել մրցակցության արդար կանոններով:




























