Օդեսայից 10-ամյա Սոնա Մարկոսյանը դարձել է «Golden talents of Madrid 2021» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող, որն ամեն տարի անցկացվում է Իսպանիայում: Կարանտինի պատճառով այս տարի միջոցառումն անցկացվել է առցանց ռեժիմում, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Մրցույթին մասնակցել են 11 երկրներից 1200 մասնակիցներ: Ժյուրիի կազմում էին Իսպանիայի եւ աշխարհի այլ երկրների մշակույթի ու արվեստի բարձր որակավորման գործիչներ, մասնագիտական բուհերի առաջատար դասախոսներ, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, կոմպոզիտորներ, պարուսույցներ, վոկալիստներ, արվեստաբաններ:
Մրցույթների մասնակիցների աշխատանքները լսվել են մոտ 10 օր: Մրցույթի արդյունքներով՝ Սոնա Մարկոսյանը դարձել է վոկալ անվանակարգում երրորդ աստիճանի դափնեկիր:
Աղջիկն ավելի վաղ մասնակցել էր «Made in Ukraine» միջազգային երաժշտական 7-րդ փառատոն-մրցույթին, որտեղ դաշնամուր անվանակարգում գրավել էր առաջին տեղը:
Ինչպես հայտնի է, «Golden Talents of Madrid 2021» մրցույթում դափնեկիր է դարձել Ուկրաինայից (Կրամատորսկ, Դոնեցկի մարզ) եւս մեկ հայուհի՝ ջութակահար Կարոլինա Վանոյանը:



























