Կրթությունը երկրի զարգացման և ապագայի լավագույն ճանապարհն է, և ամեն ինչ պետք է անել որակյալ ու մրցունակ կրթական համակարգ ունենալու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական համակարգի զարգացման, ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ:
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի, այդ թվում՝ World Economic Forum-ի կրթական հարթակներին մասնակցելու մասին: Խոսվել է նաև այդ հարթակներն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի զարգացման օգտագործելու հնարավորությունների մասին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սուրեն Ալոյանին՝ World Economic Forum-ի կողմից «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» ճանաչվելու առթիվ:



























