«Արարատբանկն» այսօր` հունիսի 17-ին հայտարարեց միջինժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: 24 ամիս շրջանառության ժամկետով պարտատոմսերը առաջարկվում են տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով:

Հատկանշական է, որ պետական միջինժամկետ պարտատոմսերի միջին եկամտաբերությունը, ըստ ֆինանսների նախարարության տեղեկատվության, կազմում է տարեկան 13.01 տոկոս: NEWS.am-ը «Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` որքանո՞վ իրենց թողարկած պարտատոմսերը մրցունակ կլինեն պետականների համեմատ, որոնք ավելի հուսալիի համարում ունեն եւ ավելի բարձր եկամտաբերություն:

Ըստ Դ. Հարությունյանի` շուկայում 24-ամսյա ժամկետով պետական պարտատոմսեր չկան, դրանց միջին ժամկետը 2.6 ամիս է, իսկ եկամտաբերությունը իսկապես բարձր է` 13-13.5 տոկոսի սահմաններում է: Սակայն իրենք թողարկել են վերջին տարիների ամենաթանկ պարտատոմսը, քանի որ պարտատոմսերի շուկայում առկա է տոկոսադրույքների աճ: Ինչ վերաբերում է հուսալիությանը` ապա Դ. Հարությունյանի կարծիքով` իրենց պարտատոմսերի հուսալիությունը չի զիջում պետականներին, քանի որ բանկի հիմնական բաժնետերերից մեկը` «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» ունի 3A վարկանիշ: