Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սադի Խաթիբզադեն հայտարարել է, որ իրանական առեւտրական նավն աննշան վնասվել է Կարմիր ծովում տեղի ունեցած պայթյունից հետո՝ նշելով, որ Թեհրանը գործը կվարի միջազգային կազմակերպությունների միջոցով, հաղորդում է Tasnim-ը:

Չորեքշաբթի Խաթիբզադեն լրագրողներին հայտնել էր, որ իրանական «Սավիզ» առետրային նավը աննշան վնաս է կրել կրել Կարմիր ծովում Ջիբութիի ափին երեքշաբթի՝ ապրիլի 6-ին, տեղական ժամանակով առավոտյան 6-ին տեղի ունեցած պայթյունից հետո:
Ներկայումս հետաքննություն է տարվում՝ պարզելու պայթյունի աղբյուրը եւ ինչպես է դա տեղի ունեցել, հավելել է նա:

Իրանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը պարզաբանել է, որ «Սավիզ» քաղաքացիական նավը տեղակայված էր Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում՝ ծովային եւ բեռնափոխադրման ուղիներում անվտանգության ապահովման եւ ծովահենների դեմ պայքարի համար՝ նշելով, որ դրա տեղակայման մասին նախապես հայտարարվել էր՝  որպես կարգավորող մարմին Միջազգայինի ծովային կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

«Նավը փաստացի որպես Իրանի նյութատեխնիկական ապահովման կայան (տեխնիկական աջակցություն եւ նյութատեխնիկական ապահովում) է գործում Կարմիր ծովում, ուստի նավի մասին տեղեկատվությունն ու առաքելությունն արդեն պաշտոնապես հայտարարվել են կազմակերպության կողմից»,- հավելել է մամուլի խոսնակը:

Խաթիբզադեն նշել է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի զոհվել:

«Միջադեպի եւ դրա պատճառների վերաբերյալ տեխնիկական հետաքննությունը շարունակվում է, եւ մեր երկիրը միջազգային կազմակերպությունների միջոցով կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները»,- ասել է նա: