Ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ ստուգման շրջանակում Ս-300 զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ) եւ Ս-400 համակարգերը հետ են մղել պայմանական հակառակորդի օդային հարձակումը, հայտնում է ՌԴ Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը:

«Ս-300 «Ֆավորիտ» եւ Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները ապահովել են ծայրահեղ կարեւոր օբյեկտների պաշտպանությունը պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցներից՝ միայնակ, խմբով եւ զանգվածային օդային հարձակումների հետմղման համար հրթիռների էլեկտրոնային արձակումներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերահսկիչ ստուգման շրջանակում Հյուսիսային նավատորմի ՀՕՊ ստորաբաժանումները ոտքի են հանվել տագնապով: Հրթիռային գնդերը, մատակարարման եւ պահպանության զորամասերը մշակել են բարձր աստիճանի մարտական պատրաստության բերվելու միջոցառումներ, լուծել են դիրքավորման շրջաններ դուրս գալու խնդիրներ, կատարել են Հյուսիսային նավատորմի ռազմածովային բազաների հակաօդային պաշտպանության խնդիրների լուծման մի շարք գործնական միջոցառումներ:

Մարտական պատրաստության ստուգմանը մասնակցել է նաեւ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային գունդը, որը տեղակայված է Նոր Երկիր արշիպելագում: