Բրյուսելում այսօր` հունիսի 20-ին Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ մարդու իրավունքների հարցերով հերթական երկխոսության ժամանակ քննարկվելու է մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիան ցրելու խնդիրը:
Այս մասին, ըստ «Գռուզիա online»-ի, հայտարարել է ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը` ԵՄ անդամ-երկրների առաքելության անունից:
Դիմիտրովի խոսքով, այդ երկխոսությունը «երկկողմանի գործընթաց է, որը կողմերին հնարավորություն է տալիս արձանագրել ձեռք բերված հաջողությունները եւ նոր խնդրահարույց հարցեր բարձրացնել»:
ԵՄ-ն իր հայտարարության մեջ գոհունակություն է հայտնում երկխոսության հերթական փուլից առաջ իրավապաշտպանության ոլորտում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման փաստի հետ կապված:
Հայտարարությունում նշվում է, որ երկխոսության ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության ցույցը ցրելու փաստը: Նշվել է նաեւ, որ ոչ համարժեք ուժ է կիրառվել Վրաստանի ոստիկանության կողմից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 26-ին հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել էին Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրևջանաձեի գլխավորած ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» ակցիան։ Կիրառվել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր, ռետինե փամփուշտներ եւ մահակներ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով, զոհվել էր երկու մարդ:
Սակայն ողբերգական դեպքերի վայրի մոտ հայտնաբերվել է եւս երկու ցուցարարի դիակ: Պաշտոնական վարկածի համաձայն, մարդիկ մահացել են խանութներից մեկի տանիքին էլեկտրալարից հոսանքահարվելու պատճառով:




























