Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է լուրերն այն մասին, որ Նաթանզի կայանում տեղի ունեցած միջադեպը երկրի միջուկային գործունեությունը 9 ամսով հետ է շպրտել: Նրա խոսքով՝ «սաբոտաժի գործողության» հետեւանքով պատճառված վնասը կվերացվի, եւ կայանը 50%-ով ավելի արդյունավետ կաշխատի, հաղորդում է Tasnim-ը:

Նա հավաստիացրել է, որ Նաթանզի կայանի էլեկտրամատակարարման վթարային համակարգը երկուշաբթի օրը շահագործման է հանձնվել, եւ մյուս աշխատանքները նույնպես կշարունակվեն ըստ ժամանակացույցի:

Տեղի ունեցածը սաբոտաժի ակտ որակելով՝ Սալեհին ասել է, որ իրանական անվտանգության ծառայությունները ակտիվորեն զբաղվում են այդ գործով եւ ժամանակին լրացուցիչ տեղեկություններ կհրապարակեն: Նա ընդգծել է, որ Նաթանզում հարստացման աշխատանքները չեն դադարեցվել եւ ակտիվորեն զարգանում են, չնայած շարքից դուրս եկած որոշ ցենտրիֆուգներ պետք է վերականգնվեն:

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաղորդել էր, որ վթարը տեղի է ունեցել Ահմադի Ռոշանի անվան հարստացման գործարանի էլեկտրական ցանցի մի մասում, սակայն զոհերի կամ աղտոտման այն չի հանգեցրել: