Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում հետ կանչել դատական հայցը սկանդալային WikiLeaks կայքի դեմ:
Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Աբդուլքադիր Աքսուն նկատել է, որ քննություն է ընթանում, լուրջ գումարներ են ծախսել փաստաբանների եւ իրավաբանների վրա, եւ սխալ կլիներ հայցի հետկանչը: «Առավել եւս մենք շահագրգռված ենք այդ դատավարության ավարտով, որպեսզի պարզենք Wikileaks-ում զետեղված փաստաթղթերի իսկությունը»,- ասել է Աքսուն:
Թուրքիայի վարչապետը ետ է կանչել ընդհանուր առմամբ 17 դատական հայց, որոնցից 10-ը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի, 3-ը` «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի, մեկը` Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նամիկ Քեմալ Զեյբեկի, նաեւ «Թարաֆ» եւ «Ջումհուրիեթ» թերթերի թղթակիցներ Ահմեդ Ալթանի եւ Մերիչ Վելիդեդօղլուի դեմ: Վարչապետը չի ներել միայն դերասան Մուժդետ Գեզենին, ով ասել է. «Թուրք ժողովրդի 60 տոկոսը հիմարներ են»:
Ինչ վերաբերում է WikiLeaks-ին, Էրդողանը հերքել է ամերիկյան դիվանագետների հեռագրերում նշված տեղեկությունը, թե հաշվեհամարներ ունի շվեյցարական բանկերում:




























