Արցախում պատերազմի հետեւանքները կհանգեցնեն Սյունիքից գնվող կաթի ծավալների 10 տոկոս կրճատման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը:
Նա պարզաբանեց, որ նախկինում Սյունիքից ֆերմերները ձմռանը անասուններին արածացնում էին Արցախի հարավային հատվածներում, որոնք 2020 թվականի աշնանը պատերազմի արդյունքում հայտնվեցին Ադրբեջանի հսկողության տակ: Խոսքը Կովսականի (Զանգելան), Որոտանի (Կուբաթլի) եւ Ջրականի (Ջեբրայիլ) մասին է:
«Բացի այդ, ֆերմերները չեն հասցրել կեր հավաքել: Ներկայիս պայմաններում նրանք ստիպված կլինեն կրճատել անասունների գլխաքանակը: Դա կհանգեցնի Սյունիքից գնվող կաթի ծավալների 10 տոկոս կրճատման»,-հավելեց Պողոսյանը:
Փորձագետը նշեց, որ Հայաստանից կաթը ոչ մեծ ծավալով արտահանվում է Արցախ եւ այնտեղ վերամշակվում:




























