Արարատի մարզում այսօր` հունիսի 20-ին ժամը 02:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ 21-ամյա Հրանտ Աբգարյանը (սովորում է Երեւանի ֆիզիիկական կուլտուրայի ինստիտուտի 2-րդ կուրսում) վարելով «ԳԱԶ-31105» մակնիշի 06 ՕՍ 156 համարանիշի ավտոմեքենան, Բյուրավան-Մխչյան ճանապարհի 1-ին կմ-ում բախվել է գազատար խողովակին, որի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Մեքենան այրվել է, իսկ վարորդն ու ուղեւոր 21-ամյա Անդրանիկ Փամբակյանը մարմնի տարբեր մասերում տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այնուհետեւ տեղափոխվել են Երեւանի Այրվածքաբանության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք:
Ավտոմեքենայի հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արտաշատի տարածքային հրշեջ փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով: Իսկ գազի արտահոսքը դադարեցնելու համար դեպքի վայրում աշխատել են Արտաշատի տարածքային գազի վթարային ծառայության աշխատակիցները:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























