Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հունիսի 24-ին պատրաստվում է վերադառնալ հայրենիք Սաուդյան Արաբիայից, որտեղ բուժման կուրս է անցնում հունիսի սկզբին ստացած  վնասվածքներից:

«Նախագահ Ալի Աբդալլա Սալեհը Սաուդյան Արաբիայից կվերադառնա ուրբաթ, եթե այս շաբաթվա ընթացքում անսպասելի իրադարձություններ չլինեն»,- արաբական «Էլաֆ» թերթին ասել է Եմենի մայրաքաղաք Սանայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Յասիր Յամանին:

Եմենի նախագահը վիրավորվել էր Սանայում, հունիսի 3-ին, նախագահական նստավայրի մոտ գտնվող մզկիթի գնդակոծման ժամանակ: Սկզբում հաղորդվում էր, թե նա թեթեւ վնասվածք ունի, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, թե նրա սրտի մոտ 7,6 սմ երկարությամբ բեկոր կա: Սալեհը նաեւ դեմքի երկրորդ աստիճանի այրվածք էր ստացել, եւ ստիպված էր մեկնել Էր-Ռիյադ` բուժման:

Հունիսի 17-ին France Presse գործակալությունը տեղեկություն էր տարածել, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի իշխանություններին, թե Սալեհն այլեւս չի վերադառնա հայրենիք: