Իսրայելի օրենսդրության հարցերով նախարարական հանձնաժողովը հրաժարվել է ընդունել պրոֆեսոր Արյե Էլդադի օրինագիծը` Հայոց ցեղասպանության հիշատակի օր մտցնելու մասին:

Էլդադն առաջարկել էր ամեն տարի ապրիլի 24-ին դպրոցներում պատմել 1915թ ողբերգական իրադարձությունների մասին: Նա կոչ էր արել կառավարությանը «չվախենալ Թուրքիայից եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը», սակայն նախարարական հանձնաժողովում նրան չլսեցին:

IzRus կայքին տված հարցազրույցում Էլդադը հայտարարել է, թե մտադիր չէ հանձնվել եւ հունիսի 22-ին հարցը բարձրացնելու է Կնեսետի լիագումար նիստում:

Նա նկատել է, որ շատ պատգամավորներ, այդ թվում խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլքինը աջակցում են Հայոց ցեղասպանության ընդունման գաղափարին, բայց քվեարկելու են «ռոբոտի պես»:

«Նրանք կառավարության դեմ չեն գնա, նրանք վախկոտներ են»,- ասել է Էլդադը. «Նախկինում որոշակի ազատամտություն կար, բայց այս կառավարության օրոք երկաթյա կարգուկանոն է, բոլորը քվեարկում են ռոբոտի պես»:

Հարցին, թե ի՞նչ է անելու օրինագիծն անցկացնելու համար, Էլդադն ասել է. «Պետք է մեր վարչապետին նոր ողնաշար դնել, որ չվախենա: Դա բարդ է, նման փորձեր դեռ չեն արվել, բայց պետք է սկսվել»:

Նշենք, որ Կնեսետը մայիսի 18-ին Ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում ընդգրկել է կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու շանսեր չունի: