Ադրբեջանից գաղթած հայերի խնդիրները լուծված չեն, իսկ խնդիրը շրջանցել են ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում: Այդ մասին հայտարարվել է մամուլի ասուլիսում:

Ազգագրագետ, Ադրբեջանի հայ փախստականների ասամբլեայի կազմակոմիտեի խորհրդատվական խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի խոսքով, միջազգային կազմակերպությունները շրջանցում են խնդիրը, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը եւս տարօրինակ է: Սակայն նա դժվարացել է ասել, թե որն է նման դիրքորոշման պատճառը: Այսինքն, հայկական կողմը հայտարարում է, որ փախստականների խնդիրը քաղաքական չի համարում, բանակցություններում այդ հարցը չի բարձրացնում, ինչի արդյունքում այդ հարցն ընդհանրապես չի ընդգրկվել բանակցային գործընթացում:

Ըստ Խառատյանի, միջազգային կազմակերպությունների նման վերաբերմունքը նյութական աջակցություն է գտնում Բաքվից, այլապես բարդ է բացատրել նրանց բացասական վերաբերմունքը:

Նրա խոսքով, Ադրբեջանից գաղթած 360 հազար փախստականներից Հայաստանի քաղաքացիություն են ընդունել 80 հազարը: Այժմ հստակ հայտնի չէ, թե որքան փախստական է ապրում Հայաստանում:

Ասամբլեայի ներկայացուցիչ Նիկոլայ Բաբաջանյանը հայտնել է, որ չեն լուծվում ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական հարցերը: