Արարատի մարզի Լանջազատ գյուղի ճանապարհին մահվան ելքով ավտովթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի հատկանիշներով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 6-ին ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ ավտովթարի հետեւանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 25-ամյա Երվանդ Ավագյանը` մահացած վիճակում:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) գյուղից դեպի Ազատի ջրամբարի պատվար տանող ճանապարհին Արտաշատի բնակիչ 26-ամյա Աշոտ Մալխսյանը վարելով «ՎԱԶ-21112» մակնիշի 04 ՍՍ 033 համարանիշի ավտոմեքենան, կողաշրջվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում, որի հետեւանքով ուղեւոր Ե. Ավագյանն ստացել է վնասվածքներ եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել:

Ա. Մալխասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ:

Նշենք, որ, ըստ արտաշատցիների, մահացածը Արտաշատում հայտնի գործարար Գագիկ Ավագյանի («Բոթաս Գագո») որդին է:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի