Վրաստանի ընդդիմությունը բնակչությանն առաջարկում է «անտի-Միշա», իսկ ժողովուրդը ցանկանում է «բարելավված Միշա»: Այս մասին Լիատվիա կատարած իր այցի շրջանակներում, «Տելեգրաֆ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպես է Ուգուլավան գնահատում իր շանսերը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, հաշվի առնելով, որ իրեն համարում են նախագահի հավանական թեկնածու, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Այդ առնչությամբ կան տարբեր սպեկուլյացիաներ, բայց հարցն այն է, որ դեռ բաց է հարցը, թե ում է առաջադրելու «Ազգային շարժում» կուսակցությունը նախագահական ընտրություններում: Այդ հարցում կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է: Մեզ համար, ինձ համար, Սահակաշվիլիի համար կարեւոր է ոչ թե այն, թե որտեղ մենք կլինենք 2013-2014 թվականներին, այլ այն, թե ինչ է լինելու երկրի հետ: Մեր կուսակցության գործունեությանը հավանություն է տալիս բնակչության 75-78 տոկոսը»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:
«Մարդիկ ցանկանում են, որ շարունակվի Միխայիլ Սահակաշվիլիի` Միշայի որդեգրած կուրսը: Հենց դա է ընդդիմության գլխավոր սխալը: Նրանք բնակչությանն առաջարկում են «անտի-Միշա», այնինչ ժողովուրդը ցանկանում է «բարելավված Միշա»,- ասել է Ուգուլավան: Նրա խոսքով, Վրաստանի ընդդիմությունը «շատ լայնաշերտ է», սակայն «աղմկում է» նրա այն հատվածը, որը բնակչության կողմից վստահության զրոյական մակարդակ ունի:




























