2011 թ. մայիսին Հայաստանից արտահանվել է 114.3 մլն դոլար, ներմուծվել 360 մլն դոլարի արտադրանք: Այդ մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ապրիլի համեմատ արտահանման աճը կազմել է մոտ 40 տոկոս, իսկ ներմուծմանը` 18.5 տոկոս:

Սակայն նման տոկոսային հարաբերակցությունը չի ապահովում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի կրճատում, քանի որ ներմուծման ծավալը ավելի քան 3 անգամ գերազանցում է արտահանման ծավալին: 

Այսպիսով` բացարձակ թվերով ներմուծման աճը գերազանցում է արտահանման աճին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել արտաքին հաշվեկշռի հետագա վատթարացում: Եթե ապրիլին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 228.5 մլն դոլար էր, ապա մայիսին այն հասել է 245.7 մլն դոլարի:

Հատկանշական է, որ այս տարի տեղի ունեցած դրամի չափավոր արժեզրկումն առայժմ լուրջ հետեւանքներ չի թողել արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին շուկաներ դուրս գալը ժամանակ է պահանջում, առավել հավանական է, որ փոխարժեքային քաղաքականությունն իր ազդեցությունը կարտահայտի որոշակի ժամանակային լագից հետո: