Հայաստանում բնակչության միայն 46 տոկոսն է ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին եւ ընդամենը 27 տոկոսը գիտի, որ գործող համակարգը բաշխողական է: Այս արդյունքներն են ստացված «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության իրականացրած հարցումներում, որն ընդգրկել է ՀՀ 16 եւ բարձր տարիքի գյուղաբնակ եւ քաղաքաբնակ 992 քաղաքացիների: Հարցվածների ընդամենը 0.9 տոկոսը գիտեր գործատուի եւ աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը:
Նշենք, որ հետազոտության պատվերը տրվել է ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը` ներդնելով կամավոր եւ պարտադիր կուտակային բաղադրիչները, որպեսզի համակարգը դառնա ֆինանսապես կայուն եւ ապահովի եկամուտների համապատասխան մակարդակ` կենսաթոշակի անցնելիս: Բարեփոխման գործընթացը պահանջում է շարքային քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների մտածելակերպի, վերաբերմունքի եւ վարքագծի արմատական փոփոխություններ:




























