Վրաստանի ԱԳ նախարարությունը, Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեի հասցեին պատասխան հայտարարությունից ձեռնպահ է մնում, գրում է վրացական «Պիրվելի» գերծակալությունը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, առանց դեսպանի հետ զրուցելու անհնար է գնահատել նրա կատարած հայտարարությունները: Նա նաեւ ընդգծել է, որ խոսքը վերաբերում է այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ռուս-վրացական պատերազմի ժամանակ ուղղակի միջնորդ էին հանդիսանում եւ հրադադարի առումով առաջատար դերակատարություն ունեին:
«Այս ֆոնի վրա էլ ավելի զարմանալի է, որ Էրիկ Ֆուրնիեն նման հայատարարությամբ է հանդես եկել»,-ընդգծել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը:
Հիշեցնենք, որ վրացական «Թբիլիսելեբի» պարբերականին թղթակցի հետ զրույցում Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել էր հետեւյալը. «Ո՞վ է սկսել պատերազմը, առաջինն ո՞վ է կրակ բացել Ցխինվալի ուղղությամբ: Դուք չեք կարող պատմությունը նորից գրել եւ պատասխանատվություն փնտրել այնտեղ, որտեղ իրականում այն չկա: Այս ամենի հետ կապված պատասխանատվություն պետք է պահանջեք ոչ թե Ֆրանսիայից կամ այլ պետությունից, այլ այն մենշեւիկ պետությունից, որը 1921 թվականին ոչնչացրեց օս ժողովրդին: Այս գործում իրական պատասխանատվություն պետք է կրեն երկու կողմերի ազգայնականությունը, որը եվրոպական պատերազմների մեծամասնության հիմքն էր հանդիսանում»:




























