Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ես դեռ չեմ ցանկանում խառնվել այս ամենին, բաներ կան դեռ պետք է ճշտվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը(Ագո)՝ անդրադառնալով հարցին, թե համամի՞տ է իշխանությունը և իշխանամերձ գեներալների այն հայտարարություններին, թե բանակն է պարտության համար մեղավոր, բանակ չենք ունեցել։
«Եթե մարդիկ ցանկանան ամեն ինչին սթափ նայել ու լուրջ վերաբերվել, ամեն ինչ շատ պարզ է, իսկ եթե ձեզ թվում է, թե ես միշտ բանակի կողքին եմ եղել, չարաչար սխալվում եք։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև այսօր չեն թողնում, որ բանակիս մոտենամ»,- նշեց ազատամարտիկը՝ հավելելով, որ այս շրջանում չի հետևում լրահոսին, քանի որ դրանից զայրանում է։ «Բաբայան Սամվելն է խոսել, չգիտեմ՝ ինչ է խոսել, տարբեր մարդիկ են խոսում, նույնիսկ իմ ընկերներն են խոսում։ Անգամ տեղյակ չեմ, թե իրենք ինչ են ասում։ Շատ բաներից տեղյակ չեմ, ինտերնետ չեմ նայում»։
Հարցին՝ ի վերջո, ո՞վ է պարտության հիմնական մեղավորը, ի պատասխան նա ասաց․ «Բոլորը, ես, դու, ժողովուրդը, կառավարությունը, գեներալները, բացի նրանցից, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքին, նրանք սրբացան»։ Արկադի Կարապետյանն նաև տեղեկացրեց, որ առայժմ չի ցանկանում հրապարակային խոսել, գնահատականներ տալ, սակայն այս իրավիճակից պետք է լուրջ հետևություններ անել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի հայտնի համաձայնագրի ստորագրումից շուրջ 10 օր առաջ Արկադի Կարապետյանը տեսաուղերձով հանդես եկավ ու փաստեց․ «Չգիտեմ՝ ձեզ էդտեղ ինչ են ասում, ո՞նց են ասում, բայց պատերազմը հասել է համարյա Շուշիի պարիսպների տակ։ Թուրքերը չեն կռվում, չեն առճակատում մեզ հետ, ուղղակի հրետանիով աշխատում են, գալիս են, նստում մեր զոհված տղաների դիրքերում։ Սա պանիկա տարածելու համար չեմ ասում, ասում եմ նրա համար, որ մենք ձեր օգնության խիստ կարիքն ունենք, ոչ թե նասկիներով, քաղցրավենիքներով, ինչի համար շատ շնորհակալ եմ, այլ մեզ հարկավոր է, որ մեր օդը փակեն, եւ մեր հրետանին աշխատի, բացի այդ օգնություն գա առաջին հերթին Հայաստանի զորքով։ Այսօր դա չկա։ Այսինքն ստեղծվում է տպավորություն, որ մենք մենակ ենք մնացել։ Եթե մենակ ենք մնացել, ապա ասեք, որ մենք մենակ ենք մնացել, մեր գլխի ճարը տեսնենք։ Եթե մենք միասնական հայ ժողովուրդ ենք, ուրեմն օգնեք, ժողովուրդ, օգնեք։ Չգիտեմ՝ թե կառավարությանը կասեք, եթե չի լսում, թե ոնց, թե ինչ, բայց օգնեք։ Ես հույս ունեմ, որ դուք կգաք մեզ օգնության...»։





























