ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի գործազուրկ բնակիչը փորձել է թալանել բանկը` բանտում հայտնվելու եւ անվճար բուժում ստանալու նպատակով, հաղորդում է АВС հեռուստաալիքը:

«Գաստոնիա քաղաքի բնակիչ, 59-ամյա Ռիչարդ Ջեյմս Վերոունը ձերբակալվել է կողոպուտի մեղադրանքով: Նա ներկայացել է բանկի մասնաճյուղ եւ աշխատակցին գրառում տվել, թե զինված է եւ մեկ դոլար է պահանջել: Ապա նա նստել է բազմոցին եւ հանգիստ սպասել ոստիկանությանը»,- հայտնել է հեռուստաալիքը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է կողոպտչին, սակայն նրա մոտ զենք չի հայտնաբերել:

«Վերոունը հայտնել է քննիչներին, որ իր նպատակը միայն բուժօգնություն ստանալն է եղել: Նա կրծքի քաղցկեղ ունի»,- նշել է ABC-ն:

ԱՄՆ առողջապահության համակարգը չի նախատեսում անվճար բուժօգնություն աշխատունակ բնակչության համար: Կորցնելով աշխատանքը` նրանք սովորաբար կորցնում են նաեւ բժշկական ապահովագրությունը:

ABC-ի կարծիքով, Վերոունին մեղադրանք կներկայացվի ոչ թե զինված կողոպուտի, այլ գողության համար, եւ նա ցանկալի երեք տարվա փոխարեն, բանտում կանցկացնի 12 ամիս: