Երբ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ համաձայնագրի մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կոնֆլիկտն անհնար է լուծել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով:

«2020 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա դրսեւորելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը: Գոյություն ունեն տարիներով համաձայնեցված սկզբունքներ, որի վրա պետք է հիմնվի հակամարտության կարգավորումը: Այս հարցում մեզ հետ համաձայն են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները: Ալիեւը ոչ միայն հերքում է հակամարտության չլուծվածության օբյեկտիվ փաստը, այլեւ փորձում է բոլոր միջոցներով խորացնել երկու ժողովուրդների միջեւ թշնամանքը: Օրինակ, երբ բացում է այսպես կոչված «ավարի այգի», անհեթեթ հայտարարություններ անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությունն Արցախի օկուպացված տարածքներում,պղծում ոչ միայն հայկական, այլ նաեւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձաններ: Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում մտածել խաղաղ պայմանագրի մասին»,-ասել է Գրիգորյանը: