Հայաստանը բոլոր ժամանակներում աշխարհաքաղաքական բախումներից դուրս է դիրքավորվել, մենք միշտ ձգտել ենք ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ չդառնալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանելով այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արեւմտամետ քաղաքական գործիչ են կոչում:

«Վերջին շրջանում Հայաստանի մասով փորձագետները հաճախ են սխալվում: Հայաստանը բոլոր ժամանակներում աշխարհաքաղաքական բախումներից դուրս է դիրքավորվել մենք միշտ փորձել ենք ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ չդառնալ: Շատերը սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ 2018-ի հեղափոխության գնահատականները չափազանց մակերեսային էին եւ որ հեղափոխությունը ոչ թե արտաքին ազդեցությունների, այլ զարգացումների եւ երկր ներիքին կոռուպցիոն համակարգից բխող հանգամանենքրի արդյունք էր:

Կարեւոր է հաշվի առնել, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում երկու խոշոր իրադարձություն է տեղի ունեցել՝ հեղափոխություն եւ հետպատերազմյան ներքաղաքական գործընթացներ, որոնց միջով անցել է երկիրը՝ապավինելով բացառապես իր ներքին ռեսուրսներին: Եվ սա Հայաստանի ինքնիշխանության ցուցանիշն է: Ես կառաջարկեմ, որ դուք նայեք եւ համեմատեք, թե ինչպես են մյուս երկրները հաղթահարում նման գործընթացները:

Մեր քաղաքական ուժը ոչ արեւմտամետ է, ոչ էլ արեւելամետ: Մենք հայակենտրոն ուժ ենք եւ առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով: Ինչ վերաբերում է Սորոսին, ես կցանկանայի նշել, որ նման հայտարարությունները ծիծաղելի սահմանափակ մտածողության արդյունք են: Սովորաբար ինձ չեն հետաքրքրում կենցաղային մակարդակի հայտարարությունները, առավել եւս, ես չեմ մեկնաբանում դրանք, սակայն հուսով եմ, որ մեկընդմիշտ կփակեմ այս թեման. Քաղաքականության մեջ կարեւոր է գնահատել գործողությունները, եւ վերը նշված զեկույցը լավագույնս արտացոլում է իրականությունը՝ Սորոսի թեման որպես քարոզչական հնարք բացահայտելով, որն ուղղված է մարդկանց մոլորության մեջ գցելուն եւ Հայաստանում եւ արտերկրում հիմնականում տարածվում է մեր քաղաքական հակառակորդների պատվերով»,- ասել է նա:

Հարցին՝ արդյո՞ք նա ապակայունացման սպառնալիքներ է տեսնում Հայաստանում նախընտրական եւ հետընտրական շրջաններում, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական կայունությունը պայմանավորված է «ազատ եւ արդար ընտրություններով, իսկ 2018-ի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ ռեսուրս են ձեւավորել»: «Հենց դրա շնորհիվ է, որ մենք կարողացանք կայունացնել հետպատերազմյան բարդ շրջանը եւ պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ազատ եւ արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանի որ դրանք թույլ են տալիս ժողովրդին արտահայտել իր կամքը ժողովրդավարական մեխանիզմների միջոցով, այսինքն՝քվեարկությամբ»: