Առաջին հերթին անհրաժեշտ է թուլացնել Ղարաբաղի շուրջ լարվածությունը, մարդիկ շատ ուժեղ ցավ են ապրել: Այս մասին ապրիլի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:

Նա հիշեցրեց, որ հունվարին որպես միջնորդ այցելել է Բաքու եւ Երեւան, Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ, որպես միջնորդներ, իրավիճակը հանգստացնելուն նպաստող գործիքներ որոնելու անհրաժեշտության մասին մեսիջներ է ուղարկում կողմերին:

«ՄԽ-ն ցույց է տվել կողմերի հետ աշխատելու իր պատրաստակամությունը: Առանց մանրամասների մեջ մտնելու ասեմ, որ շատ կարեւոր է մի շարք խնդիրների շուրջ բանակցությունների վերսկսումը»,- նշեց Լեմուանը:

Պատասխանելով պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մի քանի տարի առաջ ստացած ֆրանսիական արբանյակի օգտագործման մասին հարցին՝ պետքարտուղարը ասաց, որ ինքը նման տեղեկատվություն չունի: «Ամեն դեպքում, ես միայն կարող եմ նշել, որ Ֆրանսիան հսկայական դիվանագիտական ջանքեր է գործադրել զինադադար հաստատելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,- ասաց Լեմուանը `հավելելով, որ հնարավոր է սկսվի մասնագետների վերապատրաստում, այդ թվում` զինվորական: