Անցյալ մայիսին անկարգությունների ժամանակ Մինեապոլիսի ոստիկանական բաժանմունք հրկիզելու համար ամերիկացին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման եւ 12 միլիոն դոլար տուգանքի, հայտնում է BBC-ն:

23-ամյա Դիլան Շեքսպիր Ռոբինսոնն իրեն մեղավոր է ճանաչել հրկիզման մեջ: Նրա փաստաբանն ասել է, որ «ոչ մի իրական շանս չկա», որ իր հաճախորդը կարող է իրեն թույլ տալ վճարել տուգանքը:

Եվս երեք ամբաստանյալ, ովքեր նույնպես իրենց մեղավոր են ճանաչել, կդատապարտվեն ավելի ուշ: Անցյալ մայիսին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մինեապոլիսի փողոցներ` իրենց բողոքն արտահայտելով ձերբակալման ընթացքում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ:

Ֆլոյդի մահը եւ դրան հաջորդած բողոքի ցույցերը շաբաթներ տեւած անկարգությունների պատճառ դարձան, քաղաքը ընկավ թալանի, հրկիզման եւ բռնության մեջ:

Ցուցարարների թվում էր Դիլան Ռոբինսոնը` Բրեյնեդերից: Դատախազների խոսքով` Ռոբինսոնը մոլոտովի կոկտեյլ էր վառել, որը հետո մեկ այլ անձ նետել էր ոստիկանական բաժանմունքի մեջ: