Օրեր առաջ NEWS.am-ի խմբագրությունը Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկից նամակ էր ստացել։ Կարենը (այդպես էր նամակի հեղինակը ներկայացել) տեղեկացրել էր, որ այգու անձնակազմը, դժգոհ Կենդանաբանական այգու ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գործունեությունից եւ աշխատակիցների հանդեպ նրա կամայական վերաբերմունքից, վերջինիս դեմ ուղղված բողոք-նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին։ Այգու աշխատակիցը կից մեզ էր ուղարկել նաեւ անձամբ քաղաքապետին հասցեագրված իրենց նամակը։

Նամակում մասնավորապես նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի եւ աշխատակիցների միջեւ մեծ լարվածություն է ստեղծվել, որ մեկ ամսվա ընթացքում «իրենց դիմումների» համաձայն աշխատանքից տասնյակ մարդիկ են ազատվել։ Բացի այդ, անձնակազմի անդամները Կարեն Կարապետյանին հասցեգրված նամակում տեղեկացնում են, որ տնօրենի բոլոր կարգադրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, սակայն երբ իրենք հղումներ են անում կոնկրետ օրենքներին, ի պատասխան՝ Խաչատրյանն ասում է, թե իր համար օրենսդրություն գոյություն չունի եւ որ ինքն է պայմաններ թելադրում՝ չեք ուզում աշխատել, ազատվեք-գնացեք։

Աշխատակազմի անդամներն իրենց դգոհությունն են հայտնում նաեւ Ռուբեն Խաչատրյանի մասնագիտական որակների վերաբերյալ։

Իրականությունը պարզելու ու նաեւ Ռուբեն Խաչատրյանի կարծիքը լսելու կապակցությամբ զանգահարեցինքն նաեւ նրան։ Սակայն Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել անձնակազմի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ այգու աշխատակիցների հետ իր հարաբերությունները շատ լավ են: Նա առաջարկեց գնալ եւ սեփական աչքով տեսնել, թե անձնակազմը որքան լավ է վերաբերում իրեն, այդպես էլ չպատասխանելով հարցին, թե այդ դեպքում ովքեր են իր դեմ բողոքողները:

Նշենք, որ Ռուբեն Խաչատրյանը Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնում նշանակվել էր մեկ-երկու ամիս առաջ։

Նշենք նաեւ, որ NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը հայտարարել էր, որ թեպետ ինքը նեղացած եւ վիրավորված է գնացել, սակայն նախկին պաշտոնին վերադառնալու որեւէ հավակնություն չունի։