Իսրայելն ու Թուրքիան գաղտնի ուղիղ բանակցություններ են վարում` փորձելով վերջ դնել երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամին: Այդ մասին հայտնում է իսրայելական «Haaretz» պարբերականը` վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների:
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունենում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի անունից հանդես եկեղ պաշտոնյաների եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջեւ:
Եվ Նեթանյահուն, եւ արտգործնախարարության աշխատակիցները խուսափել են մեկնաբանություններից, սակայն Թուրքիայում ԱԳՆ աղբյուրը, ինչպես նաեւ ամերիկացի պաշտոնյան հաստատել են, որ կողմերը քննարկումներ են իրականացնում:
Ըստ France-Presse գործակալության` իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա նույնպես հրաժարվել է մեկնաբանությունից, սակայն հայտարարել է, որ «Իսրայելը շահագրգռված է առողջ եւ դրական երկկողմ հարաբերությունների վերականգնմամբ»:




























