Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայեցակարգային էր եւ տվեց արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` Ս. Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը Եվրոպայի մաս է եւ պատրաստ է հետեւողականորեն իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները եվրոպական ընտանիքին առավել լիարժեք ինտեգրվելու համար: «Հայաստանի նման քաղաքականությունը, ընդդիմության հետ կառուցողական երկխոսության նրա պատրաստակամությունը, հանրապետությունում հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու ձգտումը բարձր գնահատվեցին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- նկատեց Շարմազանովը:
Նա նաեւ ընդգծեց, որ իր ելույթով Ս. Սարգսյանը եւս մեկ քայլ կատարեց Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է: «Իսկ դա նշանակում է, որ եվրոպական կառույցները պետք է ուղիղ աշխատեն Լեռնային Ղարաբաղի հետ»,-նկատեց Շարմազանովը:
Ս. Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ըստ Էդ . Շարմազանովի, հատուկ ընդգծեց, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական հասարակություն են կառուցում, իսկ անվտանգության հարցերը բացառապես ուժային կառույցների վրա են, ինչպես ընդունված է քաղաքակիրթ պետություններում: «Միաժամանակ` Ադրբեջանը միլիտարիստական պետություն է ստեղծում, ինչը հատուկ էր Հիտլերի եւ Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմներին, սակայն պատմությունը ցույց տվեց, որ այդպիսի ռեժիմները դատապարտված են պարտության»,- նկատեց պատգամավորը:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ օգտվելով նախագահին հարց ուղղելու իրավունքից, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանում ավտորիտար ռեժիմ է, որը պետք է փոխվի արտահերթ ընտրությունների միջոցով: «Արդեն այն փաստը, որ ընդդիմադիր պատգամավորը երկրի նախագահին նման սուր հարցադրում է ուղղում միջազգային բարձր ատյանում, իսկ նախագահն անվրդով պատասխանում է, վկայում է այն մասին, որ Հայաստանում լիակատար ժողովրդավարություն է »,-եզրակացրեց պատգամավորը:




























