ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գազայում Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է վերակառուցման փաթեթ մշակի, «որը կաջակցի Պաղեստինի ժողովրդին եւ կամրապնդի դրա ինստիտուտները», փոխանցում է AP-ն:
«Հանգստի վերականգնումից բացի, «Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարները պարտավոր են լուրջ երկխոսություն նախաձեռնել՝ հակամարտության հիմնական պատճառների վերացման համար»,- ասել է նա: Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Իսրայելի, պաղեստինցիների եւ միջազգային եւ տարածաշրջանային գործընկերների հետ՝ երկու երկրների սկզբունքի եւ 1967 թվականի պատերազմից առաջ տարածքային սահմանների վրա հիմնված կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար:
Գուտերեշը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող «Գազան պաղեստինյան ապագա պետության բաղկացուցիչ մասն է, եւ ամեն ինչ պետք է արվի՝իրական ազգային հաշտեցման հասնելու համար, որը վերջ կդնի պառակտմանը» Հորդանան գետի Արեւմտյան ափը ղեկավարող մրցակցող պաղեստինյան վարչակազմի հետ:



























