Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքսեներին՝ իրենԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համեմատելու համար:

Թուրքիայի «երկաթե տիկին» կոչվող պահպանողական ազգայնական Աքսեները խորհրդարանում ասել էր, որ Նեթանյահուն եւ Էրդողանը նման մարտավարություն են կիրառել իշխանությունը պահպանելու համար:

Նրա խոսքով՝ Գազայում Նեթանյահուի վերջին քարոզարշավը պայմանավորված է քաղաքականությամբ եւ հասարակության աջակցություն ստանալու ցանկությամբ երկու տարվա ընթացքում չորս անարդյունք ընտրություններից հետո: «Էրդողանի իսրայելական տարբերակը՝ Բենիամին Նեթանյահուն, առանց վարանելու սպանում էր խաղաղ բնակիչներին եւ երեխաներին, որպեսզի հաղթի իր քաղաքական մրցակիցներին եւ պահի իր աթոռը»,- ասել էր նա:

Էրդողանն Աքսեների մեկնաբանություններն «անբարոյական» է անվանել: «Ես Նեթանյահուի հետ չեմ հանդիպել,- ասել է Էրդողանը:- Նեթանյահուն երբեք չի եղել եւ չի լինի մեր ընկերը»:

Նա դատական հայց է ներկայացրել՝ 250 000 լիրա (30 000 ԱՄՆ դոլար) «վնասի» փոխհատուցում պահանջելով: