Ուժի միակ աղբյուրը մեր ժողովուրդն է, եւ մենք պետք է մեր շուրջը համախմբենք նրան: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում հայտարարել է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Այստեղ չենք կարող ասել, թե հաջողել ենք, բայց մենք գնում են ճիշտ ճանապարհով, կայուն եւ գիտակից համակրանք ձեւավորելով մեր շուրջ: Ցավոք, մեր քաղաքական համակարգը կայացած չէ, ոչ մի ուժ լուրջ հասարակական հենարան չունի»,- ասել է Մարգարյանը:
Խոսելով ՀՅԴ-ի նպատակների մասին` նա նկատել է, որ իրենք ցանկանում են իշխանության հասնել ազատ եւ արդար ընտրությունների միջոցով, ավելի ճիշտ «մեր առանցքի շուրջ որակապես նոր իշխանությունների ձեւավորման միջոցով»: «Մինչ նոր ընտրություններ մենք աշխատելու ենք. օրենսդրական նախաձեռնություններով, խորհրդարանական գործունեությամբ, ցուցադրական ու քարոզչական աշխատանքով, մշակելու ու պարտադրելու ենք մեր լուծումները առանձին սոցիալական հարցերի առումով: Արտաքին հնարավոր վտանգները դիմագրավելու նպատակով` չենք զլանալու անխտիր, բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցելու եւ ընդհանուր կեցվածքներ դրսեւորելու հարցում»,- ասել է նա:




























