Ամերիկացի կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդի եւ Ադամ Շիֆի կողմից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նոր բանաձեւը համահեղինակներ գտնելու կարեւորագույն փուլում է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն ու հավելել. «Ինչ վերաբերում է արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսի եւ Հովարդ Բերմանի՝ եկեղեցիների վերադարձի մասին բանաձեւին, ապա ԱՄՆ կոնգրեսը, ինչպես երեւում է, այդ բանաձեւին, առաջինի համեմատ, ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում»:
Նրա խոսքով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը լավատես է, որ երկու բանաձեւերի համար էլ կկարողանա բավարար չափով համահովանավորներ գտնել, որպեսզի երկու հարցերն էլ ի վերջո ներառվեն Կոնգրեսի լիագումար նիստ։ «Կառույցի կողմից արվում է ամեն բան, որպեսզի բանաձեւերի համակիրների թիվն այնքան մեծ լինի, որ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը դրանք դնի լիագումար քվեարկության։ Բայց մինչ այդ, ինչպես հայտնի է, բանաձեւերը բավական երկար ճանապարհ պետք է անցնեն»,- ասաց Մանոյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ հակաքարոզչություն է իրականացնում ԱՄՆ Կոնգրեսում թուրքական լոբբին բանաձեւերի առնչությամբ, ՀՅԴ-ական գործիչը տեղեկացրեց, որ եթե Ցեղասպանության մասին նոր բանաձեւը թուրքերին անկնկալի չի բերել, փոխարենը երկրորդ՝ եկեղեցիների վերադարձի մասին բանաձեւն իրապես շփոթեցրել է նրանց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը, ամերիկացի կոնգրեսականները ԱՄՆԿոնգրես պետք է ներկայացնեին Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման պաշտպանությանն ուղղված երկու բանաձեւ։ Դրանցից մեկը՝ Եկեղեցիների վերադարձի մասին բանաձեւն է, որը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ իրենց կրոնն ազատ կերպով դավանելու իրավունքը, ինչպես նաեւ հայերին, ասորիներին, հույներին եւ այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։ Այդ բանաձեւը Թուրքիային կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները, վերջ դնել բոլոր տեսակի կրոնական հետապնդումներին եւ պաշտպանել քրիսոնայաների կրոնական ազատությունները եւ իրավունքները։
Երկրորդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն էր, որը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ կառավարությանը՝ դասեր քաղել այդ ողբերգությունից՝ մարդկության դեմ հետագա հանցագորոծությունները կանխելու համար։ Այդ բանաձեւը նախորդ՝ 252–րդ բանաձեւի կրկնօրինակն է, որը վերջին 11տարիների ընթացքում 4 անգամ վավերացվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, սակայն մինչ այժմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին չի ներկայացվել։




























