«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը հունիսի 23-ին, մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` մշակութային գործիչների հետ հանդիպմանը: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Թամար Պողոսյանը: «Ինֆորմացիան ճիշտ պետք է մեկնաբանել, մշակութային գործիչների հավաք էր, որպես մշակութային կազմակերպության ղեկավար` ինձ էլ էին հրավիրել, քննարկվել էին մշակույթին վերաբերող հարցեր, ընդամենը դա»,- ասաց Թամար Պողոսյանը:

Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը, որ իրեն կարելի է ապագայում տեսնել ԲՀԿ-ի շարքերում:  «Ես ոչինչ չեմ ասում»,- նշեց նա:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գագիկ Ծառուկյանը մշակութային գործիչների հետ հանդիպմանը, որին ներկա են եղել Ռոբերտ Ամիրխանյանը, Ջիվան Գասպարյանը, Վանուշ Խանամիրյանը եւ այլք, խոստացել է 100 միլիոն դրամ տալ մշակույթի գործիչներին: Հարցին, թե Թամար Պողոսյանին է՞լ են գումար խոստացել, նա պատասխանեց. «Ես ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ով գրել է, իրեն հարցրեք»:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսներից մեկում, խոսելով իր կուսակցական պատկանելիության մասին, նախկինում ՕԵԿ-ական Թամար Պողոսյանն ասել էր, որ այժմ մտադիր չէ մտնել որեւէ կուսակցության մեջ, ուզում է հանգստանալ, բայց նաեւ չէր հերքել, որ ապագայում իրեն կարող ենք տեսնել եւ քաղաքականության, եւ մշակույթի ոլորտներում:

Նշենք, որ Թամար Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանին մեղադրել էր փողերի լվացման եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ իրականացնելու մեջ, այնուհետեւ` հայտարարել էր աշխատանքից ազատվելու իր ցանկության մասին։ Թամար Պողոսյանի հասցեին փոխադարձ մեղադրանքեր են հնչել նաեւ Սփյուռքի նախարարությունից: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը դատի է տվել Թամար Պողոսյանին` իր պատիվը, արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելու համար: Թեեւ Թամարա Պողոսյանի` իր դիմումը ներկայացնելու մասին հայտարարությունից հետո բավական ժամանակ է անցել, բայց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը չի ստացել նրա դիմումը եւ նա շարունակում է մնալ նոմինալ աշխատող: