Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը` սահմանափակելով վարչապետի լիազորությունները: Այս մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «ՌԲԿ ՏՎ»-ի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովի հետ բացառիկ հարցազրույցում:

Ըստ Քոչարյանի` Հայաստանի համար խորհրդարանական հանրապետության մոդելն  անհաջող է: «Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություններ չի ունեցել, որքան Հայաստանի վարչապետը: Դա ուղղակի անընդունելի է»,- ասել է նա:

«Խորհրդարանական հանրապետության մասին խոսելը պարզապես խելամիտ չէ: Դա, իմ կարծիքով, սխալ քայլ էր: Կարծում եմ, որ մենք պետք է գոնե մի քայլ կամ կես քայլ հետ գնանք»,- ասել է Քոչարյանը: Ըստ Քոչարյանի` վարչապետը չպետք է այնքան լիազորություններ ունենա, որքան հիմա. «Քանի որ այս իշխանությունը գրեթե ոչնչով հավասարակշռված չէ: Խախտվել են բոլոր զսպումները ու հավասարակշռությունները, որոնք պարզապես պետք է լինեն պետական ​​իշխանության համակարգում»: Նոր կարգի փոփոխությունը, ըստ պետության նախկին ղեկավարի, պետք է զգուշորեն արվի: «Զգույշ, բայց անհրաժեշտ է այս ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել. դա պարզապես անհրաժեշտ է: Առնվազն` վարչապետի անձնական իշխանությունը կրճատելու համար: Իրավապահ մարմինները չպետք է ենթարկվեն անձամբ երկրի վարչապետին: Դա պարզապես խայտառակություն է: Դա ոչ մի դեպքում չէր կարելի անել, ոչ մի դեպքում»:

Նախկին նախագահը հիշեցրեց, որ երբ նա զբաղեցնում էր Հայաստանի ղեկավարի պաշտոնը, Սահմանադրությունը նույնպես փոխվում էր: Մասնավորապես, քաղաքացիներին թույլատրվել էր ունենալ երկքաղաքացիություն, քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցվել էր, ինչը թույլ է տվել արտասահմանում բնակվող շատ հայերի այն ձեռք բերել: Սահմանադրության մեջ երկքաղաքացիություն ունենալու սահմանափակումները պահպանվել են բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Այդպես, պատգամավոր կամ կառավարության անդամ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր վերջին չորս տարիներին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եղել:

Մեկնաբանելով կոշտ պահանջները չեղյալ հայտարարելու հնարավորությունը՝ Քոչարյանը նշեց, որ սահմանափակումները պետք է լինեն միայն ուժային կառույցների, անվտանգության ոլորտում: Սակայն այլ գերատեսչություններին մասնակցության առումով, կարծում է Քոչարյանը, այդ սահմանափակումները պարզապես պետք չեն, դրանք անիմաստ են, դրանք միայն խոչընդոտում են զարգացմանը: «Այսինքն` մենք կտրում ենք որոշակի ներուժ, որը կարող է աշխատել ի օգւոտ երկրի»,- ասաժել է Քոչարյանը: Նրա կարծիքով` էկոնոմիկայի նախարարը կարող է լինել այլ երկրի քաղաքացի` խորը գիտելիքներով, լավ իմիջով եւ կապերով: