Բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերում առկա է «հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակում եւ անխափան աշխատանք» ձեւակերպումը: Այլ բան չի եղել: Այս մասին Մեղրիում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով «Մեղրիի միջանցքի» հետ կապված Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների մասին:

«Բայց քանի որ ես երկար ժամանակ բանակցել եմ, ես շատ լավ գիտեմ, թե դրանք ինչ են նշանակում: Միջանցքը հաղորդակցությունները չէ: Դա նշանակում է մեկ բան՝ Հայաստանի ինքնիշխանության կրճատում եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուժերի ու ինքնիշխանության ավելացում:

Ես նույնպես կողմ եմ ճանապարհների բացմանը: Ես միշտ հարցնում եմ. իսկ ե՞րբ ենք փակել ճանապարհները: Մենք ոչինչ չենք փակել. ոչ ճանապարհները, ոչ սահմանները: Շրջափակումը սկսվել է 1988-ին ղարաբաղյան շարժման մեկնարկով: Նրանց միջանցք է անհրաժեշտ` Նախիջեւանը Ադրբեջանի եւ հետագայում Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապելու համար, հետագայում` Թուրքիայի տարածքով արտահանում ապահովելու նպատակով: Թուրքիան հարցը ոչ միայն պանթուրքիզմի, այլ նեոօսմանիզմի տարր է համարում: Ի՞նչ պետք է անենք: Չբանակցենք միջանցքի հարցով: Բայց քանի որ այդպիսի հետաքրքրություն կա, դա նաեւ այլ խաղացողների հետ հաղթաթուղթ խաղարկելու առիթ է: Օգտագործեք այկիդոյի տեխնիկան: Միջանցքը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին եւ Չինաստանին: Թուրքիայի պահվածքն անհանգստացնում է մի շարք այլ երկրներին՝ Ֆրանսիային, Եգիպտոսին, արաբական աշխարհին: Պետք է փորձել օգտագործել այդ ոտնձգությունների դեմ միավորվող ուժերը»:

Քոչարյանը նաեւ շեշտեց բանակի եւ երկրի կարգավիճակի վերականգնման անհրաժեշտությունը: «Բարձրագույն լիգայից հասանք ամենավերջին, բոլորը մեզ մարտունակ բանակ ունեցող էին համարում: Սպառազինության վերականգնման համար 3 տարի է պահանջվում, բանակը վերականգնելու եւ բարեփոխելու եւ պրոֆեսիոնալ ​​բաղադրիչի մեծացման համար` 1 տարի: Մեր թիմում պրոֆեսիոնալ ռազմական անձնակազմ կա, մենք պատրաստ ենք ներգրավել լրացուցիչ մասնագետների՝ բանակը վերակառուցելու համար: Ամեն ինչ կախված է նաեւ տրամադրությունից: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդու մոտ ոչինչ չի ստացվում: Նույնը տեղի է ունենում ժողովրդի եւ պետության հետ»,- ասաց Քոչարյանը: Նա հայտարարեց, որ իշխանությունները հանցագործություն են գործում` ստելով եւ շարունակելով ստել ժողովրդին, ընդ որում`դրա սեփական բյուջեի փողերով: