Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes C230 մակնիշի 50 ՏT 101 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Հրշեջ-փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ նախ ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշները, ապա քարշակով տեղափոխել ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։